jeudi 31 juillet 2008

Ընտրյալ հոդվածներ Հայաստանյան մամուլից

Սույն հոդվածով սկսում ենք հայաստանյան մամուլից արտատպված հոդվածների մի շարք, որտեղ հեղինակները ներկայացնում են Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումների հետ կապված իրենց խորքային ընկալումներն ու մեկնաբանությունները: Ամիսներ անց սույն հոդվածները պահպանում են իրենց ակտուալությունը եւ հանդիսանում են հայաստանյան իրականությանը առնչվող ազատ մտածողության փայլուն նմուշներ: (comité sda)


Հոդված 1. ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԴԱՐՁԱ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ 
Հայկական Ժամանակ, 6.05.2008

«Բեւեռացում»: Ընդամենը մի քանի ամիս առաջ բառարաններում քնած էս բառը հանկարծ արթնացավ ու մտավ ամենաշատ գործածվող բառերի «թեժ տասնյակ»: Ու համարյա միշտ գործածվում ա մինուս նշանով՝ որպես հասարակական չարիք, որ պետք ա հաղթահարել: Իսկ գուցե ո՞չ: Գուցե հակառա՞կը: Գուցե մեր աչքերի առաջ ստեղծվում ա հենց է՞ն, ինչի պակասը մենք էդքան զգում էինք: Չէ՞ որ հազար անգամ խոսվել ա էն մասին, որ Հայաստանի հասարակական դաշտում քրոնիկ լղոզված վիճակ ա՝ չկան հստակ ուղղություններ: Հիմա հենց էդ լղոզումն ա վերանում՝ հստակվում են աշխարհայացք ու դիրքորոշում: Ձեւավորվում են մեր հասարակական-քաղաքական կյանքի երկու բեւեռները: Ու էն, որ մեր բեւեռները չորսը կամ հինգը չեն, նույնպես բնական ա. եթե նայենք աշխարհի քաղաքական քարտեզին, կտեսնենք, որ կայուն երկրների մեծ մասում նույն երկբեւեռ պատկերն ա: Ուղղակի անուններն են հաճախ տարբեր: Իսկ մեր բեւեռները, քանի որ նոր-նոր են ձեւավորվում, դեռ չունեն անուն: Ու որովհետեւ անունները դեռ չկան, օգտագործվում են «լեւոնական» ու «սերժական» բառերը՝ որպես կողմերին նշելու ժամանակավոր ձեւեր: Իսկ ո՞րն ա առանցքը, որ բաժանում ա լեւոնականներին սերժականներից: Փոփոխությունների հարցը: Արմատական, համակարգային փոփոխություններ մեզ պե՞տք են, թե՞ չէ: Սերժականներն ասում են՝ չէ: Որովհետեւ, ասում են, էս համակարգը, որ ունենք, հարազատ արտացոլումն ա մեր ազգային մտածելակերպի: Ու իրանց թվում ա, թե համոզիչ փաստարկ են բերում, որովհետեւ «ազգային մտածելակերպ» ասվածը պատկերացնում են որպես մոնոլիտ ու անփոփոխ մի բան: Այնինչ Հայաստանում էսօր կան երկու քիչ թե շատ հստակ ձեւավորված մտածելակերպեր, ու դրանց միջեւ մեր աչքերի առաջ տեղի ա ունենում բախում: Այսինքն թե, էսօրվա՝ 21-րդ դարասկզբի Հայաստանի ազգային մտածելակերպը իրանից ներկայացնում ա առնվազն երկու գումարելիների գումար: Ի՞նչ անուն տանք էդ գումարելիներին: Եթե ելնենք նրանից, որ կենտրոնականը փոփոխությունների հարցն ա, ուրեմն արմատական փոփոխություններ պահանջողներին պետք ա անվանենք հեղափոխականներ, իսկ դրանց ցանկալիությունը ժխտողներին՝ պահպանողականներ: Մյուս կողմից՝ գաղափարական առումով լեւոնականների հիմնական կորիզը կազմում են ազատականները: Ու էս կետում առաջանում ա խնդիր, որովհետեւ կա կարծիք, թե ազատականությունն ու հեղափոխականությունը դժվար համատեղելի են: Ընդ որում, էս կարծիքը ոնց որ թե բավական տարածված ա հենց իրանց՝ հայ ազատականների շրջանում: Հիմնավորումը երեւի էն ա, թե լիբերալիզմը ենթադրում ա հանդուրժողականություն, իսկ հեղափոխականությունը՝ հակառակը: Բայց էս դատողությամբ առաջնորդվելու դեպքում մենք Հայաստանում հավերժ կունենանք էն վիճակը, որ կա էսօր: Ազատականությունը ենթադրում ա հանդուրժողականություն ուրիշ՝ քոնից տարբեր կարծիքի ու աշխարհայացքի հանդեպ, բայց ոչ էն վիճակի հանդեպ, որում ազատությունը դառնում ա անհնար: Եւ քանի որ էսօր Հայաստանում ճիշտ էդ վիճակն ա՝ երբ որ իմ ազատությունը դարձել ա անհնար, ես, ազատական լինելով, չեմ կարող չդառնալ հեղափոխական: Ու ինձ հեղափոխական դարձնողը Հայաստանում տերուտնօրեն դարձած հայ պահպանողականն ա, որին ես ինչքան ավելի եմ ճանաչում, էնքան ավելի եմ համոզվում, որ ռիսկի գնալն արդարացված ա, քանի որ կորցնելու բան, փաստորեն, չի մնացել: Ես գիտեմ, իհարկե, որ ընթերցողներիցս շատերը կջղայնանան` տեսնելով, որ ես սերժականներին անվանում եմ պահպանողական: Պահպանողականությունը, կասեն, լուրջ գաղափարախոսություն ա, ավազակները գաղափարախոսություն չեն ունենում: Իսկ ես կարծում եմ՝ ավազակը չի կարող հայտնվել պետության ղեկին, պահել էդ ղեկը ամբողջ տասը տարի, հետո փոխանցել հաջորդ ավազակին, եթե չլինի գաղափարախոսություն, որն էս աբսուրդ վիճակը սնում ա: Հայ պահպանողականը պարտադիր չի նման լինի 18-րդ դարի դասական պահպանողականին, կամ հայ հեղափոխականը՝ Ռոբեսպիերին: Ի դեպ, պահպանողականությունը, եթե հավատանք «Բրիտանիկա» հանրագիտարանին, որպես քաղաքական հոսանք հենց նշածս կոնտեքստում ա առաջացել՝ հակադրվելով 1789 թվականի ֆրանսիական հեղափոխությանը, որ գիտակից ջանքով հասարակական ավանդույթը խզելու ամենակտրուկ փորձն էր: Բրիտանացի մտածող Էդմոնդ Բըրքը, որ պահպանողական մտքի սկզբնավորողն ա համարվում, դեմ էր նման խզումին եւ դա համարում էր աղետ: Պահպանողականը միշտ հենց էդ ա՝ մարդ, որ պաշտպանում ա ավանդույթը: Իսկ լուրջ եւ անլուրջ իրա աշխարհայացքը լինում ա՝ կախված նրանից, թե ինչ ավանդույթ ա ինքը պաշտպանում եւ ինչու: Մարդիկ, որոնք գրում են մեր դպրոցներում օգտագործվող դասագրքերը, որոնք դասավանդում են մեր բուհերում, որոնք հրավիրվում են ելույթ ունենալու մեր հեռուստաէկրաններից, մեծագույն մասամբ պահպանողականներ են եւ իրանց պաշտպանածը էթնիկ ազգայնականության ավանդույթն ա: «Էթնիկ ազգայնականություն» բառակապակցությունը գուցե ոմանց զարմացնի, որովհետեւ շատ հայեր ոչ էթնիկ ազգայնականություն չեն էլ պատկերացնում: Ազգայնականությունը մարդկության երկար պատմության մեջ համեմատաբար նոր երեւույթ ա, առաջացել ա 18-րդ դարի վերջերին՝ նախապատրաստելով եւ հնարավոր դարձնելով ազգային պետությունների ստեղծումը: Նախքան էդ գոյություն ունեցող պետական միավորներում ինքնիշխանության կրող համարվում էին կայսրը, թագավորը կամ իշխանը, բայց ոչ ժողովուրդը: Ազգայնականությունն էր, որ ժողովրդին դարձրեց քաղաքական գործոն: Ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունները համարվում են ազգայնականության առաջին խոշոր դրսեւորումները, քանի որ դրանք իշխանությունը թագավորից վերցրին ու փոխանցեցին ժողովրդին: Բայց թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում ժողովուրդ ասելով հասկանում էին ոչ թե նույն էթնիկ ծագումն ունեցողների, այլ ազատ կամքով, բոլորի համար ընդունելի սկզբունքների հիման վրա իրար հետ հասարակական պայմանագիր կնքածների ամբողջություն: Դրա համար էլ Ֆրանսիական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմքը դրած էս երկու ազգայնականությունները եվրոպական հանրագիտարաններում բնորոշվում են որպես լիբերալ նացիոնալիզմ՝ ազատական ազգայնականություն: Իսկ հայոց ազգայնականությունը ծնվեց ուրիշ իրավիճակում եւ դրսեւորվեց ուրիշ ձեւով: Որովհետեւ Հայաստանը չկար, շատ վաղուց չկար, իրան պետք էր չեղած տեղից ստեղծել՝ հավաքելով Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների ամբողջ տարածքով մեկ սփռված հայերին: Ու էս պատճառով մեր ազգայնականությունը գուցե թե չէր կարող էթնիկ սեւեռվածություն չունենալ՝ առնվազն մինչեւ հայերին հավաքելն ու պետություն ստեղծելը: Բայց պետության ստեղծումն ուղեկցվեց աղետով: Դեմ առնելով թափ առնող թուրք ազգայնականությանը, որն էթնիկ սկզբունքի գերակայությունը հասցրել էր հնարավոր ամենածայրահեղ կետին, մերը սարսափելի պարտություն կրեց: Նման պայմաններում ստեղծված հայոց առաջին հանրապետությունն ընդամենը երկու տարի դիմացավ, Հայաստանը շուտով մտավ Սովետական Միության կազմի մեջ ու սկսեց կառուցել կոմունիզմ: Կոմունիստական գաղափարախոսությունն ու ազգայնականությունը հակոտնյաներ են, բայց սովետական իշխանության միայն ամենասկզբնական շրջանում էր, որ էդ հակառակությունը լուրջ բնույթ ուներ՝ կարող էր անգամ կյանք արժենալ: Իրավիճակն էս հարցում աստիճանաբար փոխվեց, ու Հայաստանի ներկա հանրապետության ստեղծմանը նախորդող տասնամյակում, որը ես շատ լավ հիշում եմ, ազգայնականությունը Հայաստանի մշակութային ու մտավոր դաշտում տիրապետող դիրք ուներ: Եւ միանգամայն հանդուրժվում էր: Ավելի ճիշտ՝ հանդուրժվում էր դրա էն տեսակը, որն անվտանգ էր: Նրանք, ովքեր կոնկրետ խնդիր էին դնում, պահանջում էին Հայաստանի անկախությունը, հայտնվում էին բանտերում, բայց սրանք քիչ էին: Տիրապետողը ազգայնականության ամորֆ, պահպանողական տեսակն էր, որը երբեք դուրս չէր գա սովետական կարգերի դեմ, որովհետեւ կարգախոս ուներ՝ «Ես հայ եմ, իմ խնդիրներն ազգային են»: Այսինքն թե՝ կարեւոր չի` ես ինչ տեսակ պետության մեջ եմ ապրում՝ արդար թե անարդար, ազատ թե անազատ, կարեւորը՝ ինձ թույլ տան, որ ես ապրեմ որպես հայ՝ չմոռանամ իմ անցյալն ու էդ անցյալից եկող խնդիրները: Հիշենք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացրին սովետահայ մտավորականները, երբ որ Ղարաբաղ կոմիտեն սկսեց տարածքային հարցին զուգահեռ բարձրացնել նաեւ ուրիշ՝ սոցիալական ու քաղաքական հարցեր: Որովհետեւ հայ ավանդական մտավորականի համար, որն էլ հենց պահպանողական կամ էթնիկ ազգայնականության հիմնական կրողն ա, ազգային հարցը հանգում ա հայ-թուրք հակամարտությանն ու տարածքային հարցին: Ուրիշ հարցեր բարձրացնողներն ապազգային են ու ազգային շահերի դավաճան: Ինչ որ բան փոխվե՞լ ա հայ ավանդական մտավորականի դիրքորոշման մեջ մինչեւ էսօր: Ընդամենը մեկ բան՝ եթե երեկ ազատականները պիտակավորվում էին ընդամենը որպես «ապազգային», էսօր, անկախ Հայաստանում, ավելացել ա նաեւ «հակապետական» պիտակը: Իսկ կարգախոսը, ըստ էության, նույնն ա՝ «Ես հայ ես, իմ խնդիրներն ազգային են, իմ պետությունը դրանք լուծելու համար ա, մնացած խնդիրները երկրորդական են, իսկ դրանք առաջնային համարողները՝ ապազգային ու հակապետական»: Ազգայինի էս տեսակ նեղ պատկերացումը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը դառնա մարդավարի ապրելու նորմալ երկիր: Հիվանդ բան կա նրանում, երբ որ պատմական արդարությունն ուզում ես վերականգնել աչքիդ առաջ կատարվող անարդարությունն արդարացնելու գնով: Ու քանի դեռ հայ մտավորականության գերակշիռ մասը կրողն ա վերը նշված կարգախոսի, քոչարյաններն ու սերժսարգսյանները անպակաս կլինեն մեր գլխից, մեկը կհեռանա, կգա մյուսը՝ գրպանում պատրաստ պահած ինդուլգենցիան, որ իրան էն գլխից տվել ա հայ մտավորականը: Երբ որ ես ասում եմ, թե հայ ազատականությունը պետք ա լինի հեղափոխական, ես նկատի չունեմ, թե Սերժ Սարգսյանին պետք ա կախել: Ու ոչ էլ նկատի ունեմ, թե պետք ա գիլյոտինի ենթարկել Ռազմիկ Դավոյանին կամ Մերուժան Տեր-Գուլանյանին: Ասածս հեղափոխությունը վերաբերում ա մտածողության էն ավանդույթը ջարդելուն, որն իմ ազգային խնդիրը հակադրում ա իմ ազատությունը: Էդ ավանդույթը ինքն իրան, առանց գիտակից ու վճռական ջանքի, երբեք տեղի չի տա: Ցավն էն ա, որ Հայոց համազգային շարժման վեճը հայոց ավանդական մտավորականության հետ հիմնականում մնաց փոխադարձ պիտակավորումների մակարդակում, չդարձավ հստակորեն ձեւակերպված գաղափարական բանավեճ: Միամտություն ա մտածելը, թե հայ ավանդական մտավորականներն ի ծնե վախկոտ են, դրա համար են իշխանամետ: Վախկոտությունը հո վիրուս չի, որ ծնվելիս վարակած լինի էդքան շատ մարդու: Եթե էդքան շատ մարդիկ անազատ ու վախկոտ են, ուրեմն կա մտածողական ավանդույթ, որն իրանց դարձնում ա էդ տեսակ՝ ստիպում ա ազատությունը ստորադասել ուժին: Այնինչ ազատությունը ամենամեծ ուժն ա: Բայց էս ճշմարտությունը գիտի միայն նա, ով ինքն ազատ ա: Հայ ազգայնական պահպանողականը չի կարողանում լինել ազատ, որովհետեւ իրա մտածողությունը, ձեւավորված լինելով պատմական աղետների ու մանավանդ մեր ամենամեծ աղետի՝ 1915-ի ազդեցությամբ, փաստորեն, ենթարկված ա աղետի տրամաբանությանը: Իսկ աղետը հենց նրանով ա աղետ, որ խաթարում ա կյանքի բնական տրամաբանությունը: Բայց հայ պահպանողականը ոչ միայն ինքը չի կարողանում լինել ազատ, այլեւ ոչնչացնել ա ուզում իմ ազատությունը, որովհետեւ ես՝ ազատականս, գիտակից ջանքով իմ մեջ հաղթահարած լինելով աղետը, իրան թվում եմ ապազգային ու օտար: Կամ որ նույնն ա թե՝ թշնամի: Էս ա, որ ինձ դարձնում ա հեղափոխական: Եթե ես չկարողանամ կոտրել ազգայինի էն պատկերացումը, որում տեղ չկա ազատության համար, էդ նշանակում ա՝ Հայաստանում տեղ չկա իմ համար:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

dimanche 27 juillet 2008

ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

[19:13] 25 Հուլիսի, 2008

Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով:

Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Խորը մտահոգություն են առաջացնում օրերս տեղի ունեցած պայթյուններն ու կրակոցները, որոնց հետեւանքով կա երկու զոհ:

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, որը աչքի է ընկնում Ջավախքում առկա խնդիրների շարունակական անտեսմամբ եւ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցաբար դրանք լուծելու անկարողությամբ: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները մշտապես օգտագործել են Ջավախքի բնակչությանը իրենց նպատակների համար, մասնավորապես ապորինաբար ներգրավվելով վերջիններիս հայաստանյան ընտրական
միջոցառումներում:

Այսօր էլ, փոխանակ հանդես բերվեր հստակ մոտեցում կատարվածի վերաբերյալ, իշխանությունները սահմանափակվում են անհեթեթ հայտարարություններով, հիասթափություն եւ անտարբերություն առաջացնելով մեր հայրենակիցների շրջանում:

Բարեկամական Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության կողմնակիցը լինելով, Համաժողովրդական շարժումը մշտապես կարեւորել է Ջավախքում ժողովրդավարական գործընթացների խորացման, հասարակական կազմակերպությունների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության աստիճանի բարձրացման, հայ բնակչության ինքնակառավարման եւ լեզվամշակութային իրավունքներին առնչվող խնդիրները: Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին այնպիսի անհրաժեշտ եւ համարժեք միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման նպատակով, որ որեւէ կերպ չտուժեն ջավախցիների հիմնարար իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: