vendredi 22 août 2008

Ընտրյալ հոդվածներ Հայաստանյան մամուլից

Հոդված 2. ԵՐԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական Ժամանակ, 27.03.2008

Գեղարքունիք արիք թողիք,
Շնորհքն էլ է լավ բան:
Թողեք տղերքը քաղաքի 
Երկիր վերադառնան...
(ժողովրդական երգից)
 
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008-ի մարտին, Երեւանի ջարդ էր, երեւանյան ոգու դեմ հայտարարված պատերազմ, կրակոց Հայաստանի մայրաքաղաքի սրտի ուղղությամբ: Միայն Երեւանից բան չհասկացողը, միայն Երեւանը չսիրողը, ատողը, չընդունողը, միայն օտարը կարող էր Երեւանում հանրահավաք ցրել բռնի ուժով, կարող էր օկուպացնել Երեւանի սիրտ` Ազատության հրապարակը, կարող էր երեւանյան ցուցարարների ուղղությամբ կրակ բացել, կարող էր Երեւանում սադրել խանութների թալան...: Վերջապես, միայն Երեւանից բան չհասկացողը, Երեւանի ոգուց անտեղյակը, Երեւանը ատողը կարող էր նախաձեռնել մեր Քաղաքում հանրահավաքները փաստացիորեն արգելելու օրենսդրական փոփոխությունները: Միայն այդպիսի մարդը կարող է չհասկանալ, որ Հանրահավաքը Երեւանի կենդանի բաբախող սիրտն է, Երեւանի կենտրոնն է, Երեւանի միջնաբերդն է, որ Հանրահավաքը Հայաստանի անկախ Հանրապետության ծննդավայրն է, որ Հանրահավաքի արգելումը կամ Ազատության հրապարակի վերանվանումը Թատերականի նշանակում է դիվերսիա կատարել, թիկունքից հարված հասցնել Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության նկատմամբ, որոնց հիմքն է երեւանյան Հանրահավաքը եւ Ազատության հրապարակը, որ Ազատության հրապարակի անկումը կանխագուշակում է համատարած անկում Մարտակերտից մինչեւ ...Երեւան: Այս ամենը թեկուզ բնազդի մակարդակով պարզ է գրեթե բոլորի համար: Բաց է մնում, սակայն, այն հարցի պատասխանը, թե ինչու նրանք այդպես ատեցին Երեւանը, ինչու Երեւանում նստելով, իշխելով` այդպես էլ չընդունեցին Հայոց Մայրաքաղաքի ոգին, ինչու բանը հասցրեցին Երեւանի ինքնապաշտպանությանը: Սա, իրոք, շատ տարօրինակ է, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ երեւանցի լինելը ծագում չէ, երեւանցի կարող է լինել ցանկացած ծագում ունեցող հայ. հայտնի է նաեւ, որ երեւանցի լինելը չի ենթադրում նույնիսկ պարտադիր Երեւանում ծնված լինելու հանգամանքը. բազմաթիվ լավագույն երեւանցիներ, մեր Քաղաքի ոգին ընդունած փայլուն Քաղաքացիներ ծնվել են Երեւանից դուրս` քաղաքներում թե գյուղերում: Ավելին, երեւանցու առանձնահատկությունը հենց նրանում է, որ եթե ոչ նա, ապա գոնե նրա ծնողները կամ, լավագույն դեպքում, պապերը այլ տեղից են եկել այստեղ: Երեւանցին մշակույթ է, մթնոլորտ է, աուրա է, չգրված օրենքներ են, ոգի է, բայց ոչ թե ծագում կամ ծննդավայրի մասին նշում փաստաթղթերում: Իհարկե, եղել է եւ մնում է, ասենք, երեւանցիների եւ գյումրեցիների, երեւանցիների եւ վանաձորցիների եւ այլոց մրցակցություն, իրար անուն կպցնելու երեւույթը, բայց թշնամանալու սահմանը չանցնող երեւույթ է: Նույնն է միշտ եղել նաեւ ղարաբաղցիների պարագայում: Տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ տիպիկ երեւանցիներ են դարձել եւ դառնում են: Երբեք մինչեւ հայտնի իշխանական զույգի հայտնվելը ղարաբաղցու «խընԴիՌը» ավելի սուր չի եղել Երեւանում, քան ապարանցու, թալինցու կամ սիսիանցու «խնդիր»-ները: Երբեք Երեւանը չի եղել հայերին բաժանող` յուրայինների եւ օտարների, այլ հակառակը` միշտ եղել է հայերին միավորող, ձուլող եւ նոր` երեւանյան որակ տվող շատ հաջող մի «մեքենա»` «մին լյավ մաշինկա»: Իսկ եթե հիշենք հայերի համաշխարհային բազմազանությունը, ապա կարելի է մի քիչ էլ չափազանցնելով ասել, որ Երեւանը իր «ազգեր» ձուլելու կարողությամբ չի զիջել Նյու Յորքին կամ Լոսին: Ուրեմն` ինչ եղավ, որ «աշխարհը» ձուլած Երեւանը հանկարծակի սայթաքեց, իսկ մյուս կողմից տասնյակ հազար անգամ առանց որեւէ խնդրի երեւանցի դարձող ղարաբաղցին (այդ թվում` ղեկավար ղարաբաղցին) այս անգամ հանդես եկավ Ղարաբաղի ազատության համար հազար ու մի զոհողության գնացած երեւանցի ցուցարարի վրա կրակելու հրաման տվող օտարի դերում: Ինչպես հնարավոր դարձավ այս չտեսնված ողբերգությունն ու դավաճանությունը, երբ ազատվածը կրակում է իրեն ազատագրող ոգու ուղղությամբ: Բավականին շատ եմ մտածել այս հարցի շուրջ, բայց ինձ թվում է` պատասխանը գտա միայն այն բանից հետո, երբ վերհիշեցի սովետական շրջանում հայտնի ղարաբաղցի գրող, հրապարակախոս, այլախոհ ուրունցի օրագիրը, որը գրվել է դեռեւս մինչեւ 88 թվականը եւ հրապարակվել է միայն ետսովետական շրջանում (այն կարող եք կարդալ www.armenianhouse.org կայքի ռուսերեն բաժնում): Այստեղ նկարագրված է բրեժնեւյան շրջանի սովետական Ղարաբաղի ծագումով հայ կուսակցական ղեկավարների հոգեբանությունն ու գաղափարախոսությունը: Ըստ այդմ, որեւէ հայ կարող էր հաջող կուսակցական եւ պետական կարիերա անել ԼՂԻՄ-ում` միայն անընդհատ ուրանալով իր հայությունը: Ղարաբաղի ծագումով հայ կուսակցական ղեկավարության դավանած պաշտոնական գաղափարախոսության շրջանակներում ընդունված թիվ մեկ հայհոյանքը «երեւանիզմ» հասկացողությունն էր: «Ես արմատախիլ կանեմ երեւանիզմը Ղարաբաղից»,- խոստանում էր Ղարաբաղի առաջնորդ Կեւորկովը (որի ղեկավարության տակ աշխատել են Հայաստանի ներկայիս նախագահն ու վարչապետը) 70-ական թվականների իր պաշտոնական ճառերից մեկում, որը տպագրվել էր «Սովետական Ղարաբաղ» թերթում... ապրիլի 24-ի համարում: «Երեւանիզմ» ասելով` հասկացվում էր հայ հայրենասիրության եւ ազգայնականության ցանկացած դրսեւորում` ցեղասպանության խնդիրը, 20-րդ դարի սկզբի ազատագրական պայքարի հերոսների հիշատակը, առհասարակ ցանկացած հրապարակում, ելույթ, խոսակցություն, բանաստեղծություն, երգ, սիմվոլ, որը կապված էր հայկական հայրենասիրության հետ: Իհարկե, հետագայում այն ժամանակվա Ղարաբաղի հայազգի ղեկավարներից շատերն իրենց գործունեությամբ կարծես թե շտկել են իրենց կյանքի այս շրջանի դիրքորոշումները, եւ ես ինքս պատրաստ կլինեի դեռ մի տարի առաջ սաստել ցանկացած մեկին, ով կհիշեցներ Հայաստանի ներկա ղեկավար զույգին իրենց այդ անցյալը, քանի որ հաշվի առնելով 90-ականների նրանց գործունեությունը` դա կհամարեի պայքարի անազնիվ հնարք: Բայց այն բանից հետո, երբ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիներին նրանք հայտարարեցին թուրքի գործակալ կամ Ղարաբաղը ծախող կամ նույնիսկ... «ցեղասպանությունը ժխտող», մենք ուղղակի պարտավոր ենք անել այդ հիշեցումը: Բայց սա էլ մի կողմ: Այժմ ես հասկանում եմ, թե ինչու առաջացավ երեւանցի-ղարաբաղցի այս անբնական ու գերվտանգավոր հակադրությունը, եւ ինչու նրանք չհասկացան, որ չի կարելի Երեւանում կրակել հանրահավաքի վրա, եթե չես ցանկանում արթնացնել այնպիսի ուժեր, որոնց վերահսկելը արդեն անհնարին կարող է լինել: Այս մարդիկ, ճիշտ է, որդեգրել են թունդ հայրենասիրական հռետորականություն եւ վաղուց յուրացրել են հայ ազգայնականության եւ հայրենասիրության բառապաշարը, ինչը հասկանալի է, քանի որ միայն նա, ով ժամանակին ամեն գնով ժխտել է ինչ-որ մի գաղափար, դավանափոխ լինելով` դառնում է Հռոմի պապից էլ կաթոլիկ եւ ծաղրանկարային ուռա-պատրիոտ. բայց այս մարդիկ, չնայած այս ամենին, ենթագիտակցորեն չեն կարողանում ազատվել «երեւանիզմի» նկատմամբ թշնամության իրենց հին բարդույթից: Նրանք երիտասարդ տարիքից յուրացրել են այն իդեա-ֆիքսը, որ Երեւանը ներկայացնում է իրենց համար հակադիր ու թշնամական մի բեւեռ: Եւ դա արդեն նրանց ենթագիտակցության մեջ է, այսինքն` անվերահսկելի մի բարդույթ է: Սա հայտնի պատմություն է. տարիների ընթացքում կարող են փոխվել գաղափարները, պատկերացումները, որոնք մարդու գիտակցական մասին են պատկանում, բայց աշխարհընկալման կառուցվածքը, որը ենթագիտակցության մասն է, շատ դժվար է փոփոխման ենթարկվում: Հետեւաբար նաեւ պարզ է մեր հարցի պատասխանը` «ես արմատախիլ կանեմ երեւանիզմը...»: Իհարկե, ենթագիտակցական այս մոդելի կրողները դեռ շանս ունեն ազատվելու այս բարդույթից եւ հասկանալու, որ եթե նրանք, այնուամենայնիվ, արմատախիլ անեն «երեւանիզմը», ապա ընդամենը կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են: Անպատասխան է մնում, սակայն, մեկ այլ հարց, թե ով, ում, այնուամենայնիվ, արմատախիլ կանի: Որպեսզի այս հարցի պատասխանն էլ հստականա, մենք պետք է գիտակցենք, որ, կամա թե ակամա, դարձել ենք Երեւանի ինքնապաշտպանության պայքարի մասնակից:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ