Հոդված 3. «Այստեղ թուրքն է անցել»
Հայկական Ժամանակ, 1.04.2008
Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանամետ ուժերը ընդդիմության կողմնակիցներին եւ հանրահավաքի մասնակիցներին «թուրք» «փաղաքշական» հորջորջումով են անվանում: Ավելորդ է ասել, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքացիական պատերազմի մթնոլորտի սերմանում երկրում, որովհետեւ բոլորին պարզ է, որ «թուրք» ասել է` թշնամի: Ոչ թե քաղաքական հակառակորդ, այլ թշնամի, որի հետ ոչ թե երկխոսության մեջ են մտնում, այլ որի ուղղությամբ կրակում են, որի դեմ պայքարում են կենաց-մահու պայքարով: Ավելորդ է ասել նաեւ, թե սա որքան վտանգավոր եւ ուղղակի մոլագարության աստիճան կործանարար քարոզչություն է մի երկրում, որի բնակչությունը ընդամենը 3 միլիոն է, որից, միայն պաշտոնական տվյալներով, 350 հազար, իսկ իրականում շատ ավելին հայտնվում են այդպիսով թուրքի կարգավիճակում: Այդ հարյուրհազարավորները, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե` ոչ, հայ են, այս երկրի քաղաքացի են, հանրության լիիրավ անդամ են, եւ հաշվի չնստել նրանց հետ ու դեռ ավելին` չխորշել նրանց թշնամի հայտարարել, նշանակում է երկիրը ստույգ կործանման առաջնորդել: Այս ամենը պարզից էլ պարզ է, եւ ապշեցնող է, որ կան մարդիկ, որ այս պարզագույն ճշմարտությունները չեն կարող ըմբռնել: Չենք էլ հարցնում նույնիսկ, թե ի՞նչ իրավունքով է ինչ-որ մեկը, ասենք, ինձ, ի թիվս ցույցի շարքային այլ մասնակցի, թուրք անվանում, այսինքն` ուղղակի վիրավորում ինձ, ինձ հետ միասին վիրավորում Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ծով բազմությունից յուրաքանչյուրին: Լավ, ջահանդամ ես. բա թուրքի դեմ կռված հազարավոր տղերքը, ամբողջ մարմինը թուրքի արձակած բեկոր` Սասուն Միքայելյանը, մնացյալները` երկրապահ, ազատամարտիկ, իրենք ո՞ր օրվանից թուրք ու ավելի վատ հայ դարձան, քան մեզ թուրք անվանողները, որոնց մեջ, ի դեպ, զգալի թիվ են կազմում նրանք, ով Ղարաբաղի մասին իմացան 88-ին եւ այն ժամանակ էլ վայրահաչում էին Շարժման դեմ, իսկ հիմա կուրծք են ծեծում իբր Ղարաբաղի ու Ցեղասպանության համար: Այս ամենը չենք էլ հարցնում: Եթե մարդ ինքն այս ամենը չի հասկացել, հազիվ թե ուրիշի բացատրածով հասկանա: Իրականում խնդիրն ավելի խորն է. քանի որ մեր ուռա-պատրիոտների ու մոլի «հակաթուրքերի» մեծ մասը վերջին մի 20 տարում են հանկարծակի իրենց մեջ բացահայտել ազգիս մեծն հայրենասերների, իսկ մինչ այդ ամբողջովին նվիրված են եղել ինտերնացիոնալիզմի անմահ գործի գովերգմանը եւ մինչ այժմ էլ, չնայած արտաքնապես ընդունված «ազգայնական» ճոռոմաբանությանը, մեծավ մասամբ անտեղյակ են թե՛ հայոց մշակույթից, թե՛ հայոց պատմությունից, նրանք իրականում չեն էլ հասկանում` ինչից են խոսում, երբ ճառում են հայ-թուրքական հակադրությունից: Իրականում նրանց հակաթրքությունը ոչ միայն «քիչիկ մը» ուշացած է արթնացել, այլեւ ծաղրանկարային ու կեղծ է: Ինտերնացիոնալիզմի դասերի ժամանակ նրանց ներկայացրել են հայ ազգայնականության այլակերպված մի պատկեր, որն էլ նրանք, հայրենասեր վերամկրտվելով հալած յուղի տեղ ընդունելով, սկսել են դավանել: Հայ ավանդույթի հետ դա ոչ մի կապ չունի:
Հայ հայրենասիրության աղավաղված այդ պատկերը ներկայացնում է հայ-թուրքական հակադրությունը որպես ռասիզմի մի տեսակ, ըստ որի` հայերն ու թուրքերը գենետիկորեն անհամատեղելի հանրություններ են: Այդպիսի ռասիստական երանգ իրական հայ հայրենասիրությունը, բնական է, երբեք չի ունեցել: Գիտությանն էլ հայտնի է, որ հայերն ու թուրքերը գենետիկորեն կամ ֆիզիկական մարդաբանության տեսակետից առանձնապես հեռու չեն, ինչը ակնհայտ է նաեւ անզեն աչքի համար: Ուրեմն` ինչո՞ւմն է եղել խնդիրը: Հայկական ավանդական աշխարհայացքի համար թուրքը հային հակադրվել է ոչ թե որպես այլ արյուն ու գեն ունեցող, այլ որպես մշակութային հակառակորդ: Հայերը միշտ հակադրել են իրենց թուրքերին որպես առաջադեմ, համամարդկային եւ եվրոպական արժեքները ուղենիշ ընդունող, քաղաքակիրթ, ավելի ազատ հասարակություն` ի համեմատություն հետամնաց, բարբարոս, ասիական, անազատ թուրք հասարակության: Սա է եղել հայկական գաղափարախոսությունը, աշխարհի ընկալման կերպը դարերի ընթացքում դեռ թուրքերի հայտնվելուց էլ առաջ, երբ հայերը զատել են իրենց Արեւելքից: Այդպես է եղել միջնադարում, այդպես է եղել եւ նոր դարերում: 19-րդ դարի հայերի ազատագրական պայքարը ընկալվել է դրա գաղափարախոսների կողմից` սկսած դեռ Աբովյանից, Նալբանդյանից ու Նազարյանից մինչեւ Գրիգոր Արծրունի, Րաֆֆի, Քրիստափոր Միքայելյան եւ այլն, միայն այդ համատեքստում` որպես ազատականության եւ առաջադիմության պայքար ընդդեմ բռնակալության: Ազատագրական այդ պայքարը երբեք չի ստացել սոսկ ազգային հիմնավորում. այն ձեւակերպվել է որպես «Ասիո խավարի մեջ առաջադիմության եւ եվրոպականության լույսը» տարածելու նպատակ ունեցող, որպես լուսավորչականություն: Եւ հայ-թուրքական պայքարը այլ կերպ չի իմաստավորվել երբեք: Նույնիսկ ավելի արմատական ազգայնական համարվող ցեղակրոնությունը չի դրել կենսաբանական իմաստով ռասայի խնդիր, այլ միայն մշակութային` ոգեղեն առումով տարբեր տեսակների հակադրման հարց: Եւ այսպես է եղել ոչ միայն մտավորական խավը: Տարիներ առաջ Վայոց ձորում անձամբ դաշտային նյութեր եմ հավաքել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ. այդ շրջանի գյուղացիները նույն կարծիքի էին հայերի եւ թուրքերի հակադրության մասին, նույն մշակութային հակամարտության եզրերով էին ներկայացնում այն: Դրանից դուրս հայ-թուրքական հակադրությունը զրկվում է որեւէ իմաստից, որեւէ ներքին մոտիվացիայից:
Այժմ բացատրեմ, թե ինչի՞ համար եմ հիշեցնում «ակադեմիական» այս ճշմարտությունները, ինչո՞վ են դրանք ակտուալ այս օրերին: Խնդիրը նրանում է, որ նորահայտ հակաթուրք հայրենասերները, որոնք հայկական ավանդույթից կտրված` ենթադրում են, որ բաժանելով հայ հայրենասիրությունը հայ ազատականությունից եւ առաջադիմականությունից` կարող են հաջող ավարտի հասցնել հայ-թուրքական մրցակցությունը, չարաչար սխալվում են: Հայ ազգայնականությունը չի կարող միաժամանակ ժողովրդավարական արժեքներ չդավանել: Այլապես նա հայկական չէ, այլ ներազդված է օտարածին, հատկապես ռուսական ծագումով գաղափարներից: Եթե այսօր Հայաստանում ընդոծին հայկական ժողովրդավարական մոդելի փոխարեն փորձ է արվում կառուցել մինի-Ադրբեջան կամ մինի-Օսմանյան կայսրություն կամ, լավագույն դեպքում, մինի-Ռուսաստան, ապա պետք է հասկանալ, որ այս դեպքում ալիեւյան շկոլայի դեղատոմսերով կառուցվող «փոքր Ադրբեջանը» դատապարտված է պարտություն կրելու «մեծ եղբորից»: Պատճառը շատ պարզ է: Եթե մենք ընդօրինակում ենք ալիեւյան մոդելը, իսկ մենք այսօր հենց դրանով էլ զբաղված ենք, եթե մենք հակադրում ենք ժողովրդավարությունն ու ազատությունը «ազգայինին» ու «պետականին», ապա նույն Ադրբեջանի հետ մեր պայքարը «որակն ընդդեմ քանակի» մոդելի շրջանակներից փոխադրվում է «քանակն ընդդեմ քանակի» մոդելի, որի ելքը հասկանալի է առանց ավելորդ մարգարեացումների: Փոքր թուրքը մեծ թուրքին հաղթել չի կարող: Բացի այդ, հայ-թուրքական մրցակցությունը կորցնում է իր ողջ ներքին մոտիվացիան, խորքային իմաստը: Սա պետք է հասկանան նրանք, ովքեր «թուրք, թուրք» գոռալով` պաշտպանում են բացահայտ բռնակալական, ալիեւյան կարգերի հաստատումը ՀՀ-ում: Դրանով նրանք, կամա թե ակամա, նպաստում են այդքան դժվարությամբ ձեռք բերված Հաղթանակի արդյունքների անհետացմանը. Հաղթանակ, որը ձեռք է բերվել «առաջադիմական, ազատական ազգ ընդդեմ հետամնաց բարբարոսների» նույն այդ մոդելի շրջանակներում: Չի կարելի խաղալ Ալիեւի դաշտում եւ հաղթել նույն Ալիեւին: Բայց, ինչպես երեւում է, Հայաստանի իշխանության ղեկին գտնվող զույգն այլ մեթոդիկայի եւ այլ գաղափարախոսության չի էլ տիրապետում: Ավելի ցավալի է, սակայն, որ ինտերնացիոնալիզմի նախկին զոհ ու իր մտածողությունը ոչ հայկական տարրերից այդպես էլ չազատագրած մտավորականությունը նույնպես չի տիրապետում այս կարեւոր գիտելիքին: Չիմանալը, սակայն, մեղք չէ ինքնին. հանցանք է ժամանակին չհեռանալը:
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
lundi 22 septembre 2008
Ընտրյալ հոդվածներ Հայաստանյան մամուլից
Inscription à :
Articles (Atom)