ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին
Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն:
Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար ողջ Ռուսաստանը կգրավեր:
Իսկ թե ո՞վ է “Օվիր”-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և’ նախկին և’ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:
Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանն, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն.
1.համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավել ապրում է Հայաստանում և ունի սեփականություն:
2.մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղղին հայտնի է բոլորին, իսկ եթե տ. Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է:
Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար “Օվիր”-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:
Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրակոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար:
Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ի՞նչպես հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում:
Ուզում եմ “Օվիր”-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:
Հայաստանը մեր Հայրենիքն է և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:
Սեֆիլյան Նանոր
Երևան, 8 մայիսի, 2008