mercredi 24 décembre 2008

Ընտրյալ հոդվածներ Հայաստանյան մամուլից

Հոդված 5. «ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ»
Հայկական Ժամանակ, 7.05.2008

Անկախության առաջին տասնամյակի ընթացքում շատ էր չարչրկվում, այսպես կոչված, «ազգային գաղափարախոսությանե թեման` արձագանքելով որին առաջին նախագահը իր մի հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե ազգային գաղափարախոսությունը «կեղծ կատեգորիաե է: Տեր-Պետրոսյանի այս կարծիքը ժամանակին բուռն հակադարձների եւ մեղադրանքների առիթ հանդիսացավ: «Ազգային գաղափարախոսությանե այն ժամանակվա կողմնակիցները, սակայն, այդպես էլ չկարողացան ոչ միայն քիչ թե շատ ընդհանուր ճանաչում ստացած որեւէ նախագիծ առաջարկել այդ առումով, այլեւ նույնիսկ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ի՞նչ է «ազգային գաղափարախոսությունե կոչվածը: Առաջարկվող տարբերակների մեծ մասն էլ կա՛մ ուղղակի միագաղափար հասարակության նկատմամբ կարոտախտի արտահայտումներ էին, կա՛մ էլ հայոց պատմության մայրուղային միտումների իմաստավորման հետ շատ քիչ աղերսներ ունեցող մտացածին կաբինետային սխեմաներ: Այդպես էլ այդ թեման մոռացվեց գնաց: Իսկ ինչո՞ւ այդ մասին հիշեցինք այսօր: Պարադոքսը նա է, որ եթե առհասարակ «ազգային գաղափարախոսությանե մասին կարող է խոսք լինել, ապա դրա հիմքերը տվեց նույն Տեր-Պետրոսյանը Համաժողովրդական երկրորդ կոնգրեսի իր ելույթի այն մասում, ուր արմատական քննադատության ենթարկեց Եվրոպայի քաղաքականությունը, եւ որը ուժեղ տպավորություն թողեց ներկաների վրա: Ճիշտ է, «գաղափարախոսությունե բառն այստեղ լայն իմաստով պետք է հասկանալ ոչ որպես աշխարհայացքային ու քաղաքական որոշակի դրույթների կուռ համակարգ, որը զարգացած հասարակությունում չի կարող միակը ու բոլորի համար նույնը լինել, այլ որպես մոբիլիզացնող ու կոլեկտիվ ստեղծագործականության մղող ոգեշունչ գաղափար, որը միաժամանակ համահունչ է հայոց մշակույթի եւ պատմության ընդհանուր գծին: Իհարկե, Եվրոպան մեզանում շատերն են քննադատել, բայց այդ քննադատությունը եղել է միանգամայն այլ բնույթի՝ հիմնականում պատճենելով ռուսական պահպանողականների հակաժողովրդավարական թեզերը «հատուկ ուղուե մասին: Դրանք հայկական մշակույթի հետ որեւէ կապ չունեն: Հայերը դարերից ի վեր ընտրել են արեւմտյան արժեքները (հելենական, քրիստոնեական, լուսավորչական): Այդ արժեքները ունիվերսալ են եւ էությամբ նույնն են բոլոր ժողովուրդների մոտ: Բայց, միաժամանակ, մենք երբեք չենք եղել այդ արժեքների պասիվ սպառողը միայն, այլ արեւմտյանի մեջ ձգտել ենք կառուցել մեր սեփական համակարգը՝ հաճախ հակադրվելով հենց նույն Արեւմուտքին որպես ավելի իդեալիստ նույն արժեհամակարգի շրջանակներում: Մյուս կողմից էլ` մենք նաեւ միշտ ուժերի ներածին չափով փորձել ենք տարածել արեւմտյան ազատական եւ լուսավորչական արժեքները մեր տարածաշրջանում, հանդես ենք եկել դրոշակակրի դերում: 80-ականների մեր ժողովրդավարական շարժումն էլ ընդոծին էր: Ժողովրդավարական գաղափարները, որոնք որդեգրեց այն ժամանակվա շարժումը, իրենց բնույթով զուտ ազգային չէին, ունիվերսալ էին, սակայն նրանց ծագումը էքսպորտային չէր. ոչ ոք չէր սովորեցրել մեզ հասարակության ժողովրդավարական ինքնակազմակերպման ձեւերը, դրանք հասունացել էին մեր հասարակության զարգացման արդյունքում մեր հայկական մշակույթի ավանդույթների հիման վրա: Եւ այսօր էլ մեր ձգտումը դեպի ժողովրդավարություն եւ ազատ հասարակություն ոչ թե պայմանավորված է արտաքին հանգամանքներով, այլ մեր հասարակության խորքային ներքին պահանջարկով: Այդ իսկ պատճառով մեր պայքարը հիմնվում է նախ եւ առաջ մեր ներքին ռեսուրսների վրա, եւ մենք իրավունք ենք վերապահում քննադատել Եվրոպան, եթե նա դավաճանում է մեր ընդհանուր արժեքները: Իսկ առհասարակ մեզ համար նոր չէ այն իրավիճակը, երբ մենք պայքարում ենք արեւմտյան արժեքների համար՝ լքված հենց Արեւմուտքի կողմից: Սա, կարելի է ասել, տիպիկ հայկական իրադրություն է: Բայց դրանից մենք ոչ թե պետք է ընկրկվենք, այլ ավելի ոգեշնչվենք: Եւ այս պարագայում մեր առջեւ բացվում է հանրային ստեղծագործականության լայն դաշտ: Մենք ոչ միայն կերտելու ենք մեր ազատ եւ անկախ Հայաստանը ի հեճուկս ներքին եւ արտաքին գաղութատիրական մտածողության կրողների, այլեւ ինչ-որ առումով պետք է ձգտենք մեր պայքարով բացահայտել ու խարխլել նաեւ եվրաբյուրոկրատիզմը եւ եվրասովետականությունը, վերազգային բնույթ տալ մեր պայքարին:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ